Հայաստանն ունի վերականգնվող էներգիայի սեփական մեծ պաշարներ, որոնց օգտագործումը թույլ կտա ապագայում բավարարել հանրապետության էլեկտրաէներգիայի պահանջարկի մինչև 30 տոկոսը Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ <<Վերականգնվող էներգետիկա` ձեռքբերումներ և հեռանկարներ>> թեմայով հանդիպում-քննարկում Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի մասնակցությամբ: Հանդիպման մասնակիցներին ողջույնի խոսք ասաց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը` կարևորելով թեմայի քննարկումը մարզի տնտեսության հեռանկարի համար: Վերոնշյալ թեմայով ցուցադրվեց ֆիլմ, ապա հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը ներկայացրեց իրենց գործունեությունն ընդհանրապես, ընդգծելով հատկապես այն ծրագրերը, որոնք իրականացվել են Տավուշի մարզում: Հիմնադրամի գործունեությունը բավականին լայն է . ոլորտում քաղաքականության մշակում, ուսուցում, կարողությունների զարգացում, ՀԷԿ-երի կառուցման ֆինանսավորում, վերականգնվող էներգիայի ներուժի գնահատում, դպրոցների ջեռուցման վերականգնում, անապահով ընտանիքներին օժանդակություն, ենթավարկերի տրամադրում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանն ունի վերականգնվող էներգիայի սեփական մեծ պաշարներ, որոնց օգտագործումը թույլ կտա ապագայում բավարարել հանրապետության էլեկտրաէներգիայի պահանջարկի մինչև 30 տոկոսը: Այս մասին, ինչպես նաև փոքր ՀէԿ–երի կառուցման սխեման, վերականգնվող էներգիայի օգտագործման հնարավորությունը Տավուշի մարզում ներկայացրեց և վերլուծեց հիմնադրամի էներգախնայողության ծրագրի ղեկավար Տիգրան Սեկոյանը:
|